Համայնքի մասին

 Հայերը Դանիայում (նորագույն շրջան)

 

Նորագույն շրջանում հայերը Դանիայում բնակություն են հաստատել 1970-ական թվականներից, որոնք եկել են Լիբանանից, Իրանից, այնուհետև` Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից, իսկ 1990-ական թվականներից նաև Հայաստանից: 

Դանիայում հայերը մեծ մասամբ բնակվում են Կոպենհագեն, Օրհուս քաղաքներում, սակավ թվով` Օդենսե, Կոլդինգ, Կյոգե, Նեստվլ, Ռոսկիլդ քաղաքներում և այլուր:

Ներկայումս Դանիայում, ոչ պաշտոնական տվյալներով, բնակվում է շուրջ 3 հազար հայՆրանց մեջ կան շատ մտավորականներ` բժիշկներ, երաժիշտներ, իրավաբաններ, մշակույթի գործիչներ, կան նաև արհեստավորներ, սպասարկման ոլորտի աշխատողներ:

Դանիայում մեծացած և կրթություն ստացած մեծ թվով հայ երիտասարդներ աշխատում են պետական կառույցներում, հասարակական կազմակերպություններում, գիտական և գործարար շրջանակներում:

1983 թ. իրանահայերի և լիբանանահայերի ջանքերով ստեղծվել է Հայ Մշակութային Միությունը` նպատակ ունենալով համախմբել և կազմակերպել Դանիայի հայությանը, պահպանել հայ ինքնությունը, հայոց լեզուն և մշակույթը:

Հայ Մշակութային Միությունն ունեցել է իր մասնաճյուղն Օրհուս քաղաքում: Օրհուսում է գործել ազգային վարչությունը, որի առաջին անդամներն են եղել Հակոբ Միքայելյանը, Գրիգոր Թորգոմյանը, Սերգեյ Օրդուխանյանը, Համայակ Խուդյանը, Ալեն Այվազյանը:

Կոպենհագենում Հայ Մշակությանին Միությանը կից մինչև 1992թ. գործել է կիրակնօրյա հայկական դպրոցը, որտեղ դասավանդվել է հայոց լեզու և պատմություն: 1984-ից մինչև 1992 թ.թ. լույս  է տեսել Հայը եռամսյա պարբերականը:

Դանիայի փոքրաթիվ հայ համայնքն իր հնարավորությունների չափով օգնություն է ցուցաբերել 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին:     

Հայ Մշակութային Միությունն ակտիվորեն գործել է մինչև 1992թ., այնուհետև Միության գործունեությունն աստիճանաբար դադարել է` Դանիայում հայերի ցրված լինելու, իրանահայերի և լիբանանահայերի մի մասի ԱՄՆ և Կանադա արտագաղթելու, ինչպես նաև Միությունում ֆինանսական դժվարություններ առաջանալու պատճառով:

Հայ Մշակութային Միությունը Կոպենհագենի և Օրհուսի իշխանությունների մոտ այժմ էլ շարունակում է գրանցված մնալ, սակայն համայնքային գործունեություն չի իրականացնում:

Դանիայում հայկական եկեղեցիներ չկան, համայնքի հոգևոր կարիքները հոգում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը (Կենտրոնը` Վիեննա):

Դանիայի կառավարությունը 2005 թ. ճանաչել է Հայ եկեղեցու իրավունքները ամուսնություններ և որոշ այլ արարողություններ իրականացնելու համար։

2005 թվականից սկսած Դանիայի հայ համայնքային կյանքը կազմակերպելու գործունեություն են սկսել իրականացնել Նեկտար մշակութային ընկերությունը և ԴանԱրմեն հայ-դանիական ասոցիացիան: Այս կազմակերպությունների անդամները սփյուռքից և Հայաստանից Դանիայում բնակություն հաստատած հայերն են, ովքեր ջանում են համախմբվել ազգային մշակութային արժեքների շուրջ, ստեղծել հայկական մթնոլորտ, պահպանել հայոց լեզուն ու մշակույթը, ինչպես նաև ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը դանիացիներին։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր