Իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում և Նորվեգիայում

24.04.2017

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Դանիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

2017թ. ապրիլի 24-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում` սուրբ պատարագի կատարմամբ և «Գյուրջիև» նվագախմբի մասնակցությամբ: Միջոցառումը տեղի է ունեցել Կոպենհագենի Տրինիտատիս եկեղեցում, որտեղ Օսմանյան Կայսրություն մեկնելուց առաջ իր աղոթքն էր հղել դանիացի մարդասեր և բազմաթիվ հայ որբերի փրկած Մարիա Յակոբսենը: Համերգին նախորդել էր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանի կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը:

Պատարագից հետո ելույթ է ունեցել Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը: Նա, մասնավորապես, խոսել է Մարիա Յակոբսենի մասին` նշելով, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հարգանքի տուրք է մատուցվում նաև նրանց, ովքեր նպաստել են արդարության հաստատմանը, զոհվել այլոց կյանքը փրկելիս, ինչպես նաև նրանց, ովքեր այսօր էլ շարունակում են ընթանալ մարդասիրության և նվիրվածության ճանապարհով և նպաստում են ժխտողականության քաղաքականության վերացմանը:

Դեսպան Աղաջանյանը նաև մեջբերել է Օսմանյան Կայսրությունում 1914-1920թթ. Դանիայի դեսպան Կառլ Էլիս Վանդելի խոսքերը, ով, նկարագրելով իրադրությունը Թուրքիայում այդ ժամանակաշրջանում, ընդգծել է, որ քրիստոնյա աշխարհը հետագայում զղջալու է հայերի հետ կատարվածի համար: Դեսպանը մեջբերում ընթերցեց նաև Օսմանյան Կայսրությունում` Մոսուլում, զինվորական ծառայություն անցած դանիացի Հայնրիխ Յեսենի վկայություններից, ով անապատում ականատես էր եղել Հայոց ցեղասպանության երկրորդ փուլին, երբ ջարդերը վերապրածներին համակենտրոնացման ճամբարներում էին տեղավորում, վաճառում որպես ստրուկներ և սպանում: Հնչեցին նաև դանիացի արևելագետ Յոհանես Օստրուպի խոսքերը 1910թ. ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հետ իր հանդիպման մասին, երբ վերջինս նշել էր, որ թուրքերի և հայերի միջև անհամատեղելիություն կա, որը հնարավոր չէ վերացնել խաղաղ ճանապարհով:

Դեսպան Աղաջանյանը մատնանշել է նաև, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վկայություններ տվող դանիացիների թիվն անվերջ է, ինչը վկայում է նաև դանիացի ժողովրդի մարդասիրության մասին:

Դեսպանի ելույթին հաջորդել է միջազգային ճանաչում ունեցող «Գյուրջիև» նվագախմբի համերգը:

Արարողությանը ներկա էին Դանիայի քաղաքական և հասարակական շրջանակների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ դանիացիներ:

Նորվեգիայի մի քանի քաղաքներում ևս Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ տեղի ունեցան:

Օսլոյում բազմաթիվ հայեր և Հայաստանի մի շարք բարեկամներ այցելել են և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի օժանդակած նորվեգացի գիտնական և մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի գերեզմանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Բազմաթիվ հայեր և Հայաստանի բարեկամներ, Նորվեգիայում Հայկական Առաքելական եկեղեցական համայնքի խորհրդի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կրագերոյի քաղաքապետ Յօնե Բլիկրան մասնակցեցին Կրագերոյում տեղի ունեցած միջոցառմանը` նորվեգացի միսիոներ, Հայոց ցեղասպանության ականատես և բազմաթիվ հայ որբերի կյանքեր փրկած Բոդիլ Բյորնի հուշաքարի մոտ` հարգանքի տուրք մատուցելու մեծ մարդասերին: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Կրագերոյի քաղաքապետը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն տեղի ունեցավ նաև Բերգենում, որտեղ հայկական խաչքարի մոտ տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին հայեր և Հայաստանի բարեկամներ, ովքեր հանդես եկան ելույթներով և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

(Ֆոտոնկարները տրամադրվել են Վարթան Եփրեմիանի կողմից)
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր