Լուրեր

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ

14.03.2018

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ

Ամբողջ ալբոմ »

Մարտի 14-ին պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպումը նախաձեռնելու համար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում ընկերակցությունում 2011թ. իր հանդիպումը, ինչպես նաև նրանց այցելությունը Հայաստան 2013թ.։

Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր